AM
1 November 2024 - 10:26 AMT

ՄԻՊ. Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձն ազատ է արձակվել

Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել»,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ այդ անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ «բ»պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից«/բ»:

Պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա:

Հոկտեմբերի 31–ին մի խումբ քաղաքացիներ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրի դիմաց ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն այնտեղ գտնվող 9 քաղաքացու։ Հավաքվածներն ասում էին, որ իրավապահները ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հերթով տարել են 24 ժամվա ընթացքում, հիմնականում` ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 2-ը` Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը, ազատ են արձակվել։ «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը այնուհետև հայտնել էր, որ ազատ են արձակվել ևս 4 քաղաքացի, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։