Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025-ին չի ներդրվի։ Այդ մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել, սակայն այս ծրագիրը ոչ միայն այս տարի չի իրականացվել, 2025 թվականին էլ չի նախատեսվում»,- նշել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։
Անդրադառնալով հարցին՝ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հորդորել է գոնե 50%-ով ապահովագրությունը ներդնել, որպեսզի վարկանիշի խնդիր չունենան։
«Գոնե 50 տոկսով առողջության ապահովագրության ներդրման համակարգը ներդրվի, ժողովուրդը տեսնի, որ կառավարությունը հետամուտ է լինում իր խոստման, որ մենք վարկանիշի խնդիր չունենանք»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ ։
Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ 2025 թվականի համար ՀՀ կառավարությունը դեֆիցիտի` արդեն իսկ բավականին բարձր մակարդակ է պլանավորել` մոտ 5.5 տոկոս։
«Տարբեր ոլորտային պատասխանատուներ կամ հասարակության տարբեր շահառու խմբեր կցանկանային այս կամ այն ուղղությամբ տեսնել ավելացումներ, սակայն պետք է հասկանանք, որ դրանք տեղի են ունենալու դեֆիցիտի կամ հարկերի ավելացման կամ մեկ այլ ոլորտում ծախսերի նվազեցման հաշվին։ Կառավարությունում որևէ մեկը դեմ չէ, որ ՀՀ–ում առողջության ապահովագրություն լինի»,– ընդգծել է Հովհաննիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր զեկույցի ժամանակ ասաց, որ ապահովագրության առաջին փուլի մեկնարկը նախատեսել էին 2025 թվականին, որը պետք է ապահովեին 218 մլրդ դրամի շրջանակում։
Բայց քանի որ առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի ներդրվի, նախարարությունը քննարկում է գումարը այլ ծրագրերով վերաբաշխելու հարցը։
Կառավարությունը 2023–ին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի` 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ 2025–ից գործեր թոշակառուների համար։