AM
1 Նոյեմբեր 2024 - 11:38 AMT

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ գրասենյակի մոտ․ Պահանջում են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պահանջում ենք, որ COP29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։ Պահանջում ենք, որ COP29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը։

Պատգամավորի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելուց բացի միջազգային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործադրի Ադրբեջանի կողմից իրագործված և իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։

«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման հարցում»,- շեշտել է Կրպեյանը։

Մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին են փոխանցել իրենց պահանջն ու բողոքն արտահայտող նամակ, որից հետո երթով շարժվել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Ակցիայի մասնակիցները կայցելեն նաև Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ:

COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։