AM
1 November 2024 - 14:59 AMT

Գրիգորյանն ու Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման հատվածների հերթականությունը, փոխանակել կանոնակարգերի հաստատման ծանուցումները

2024թ. նոյեմբերի 1-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:

Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:

Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են հայ – ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ ՀՀ նախագահն այն ստորագրել է ԱԺ վավերացումից հետո, իսկ Ադրբեջանում նման ընթացակարգ չի եղել՝ կանոնակարգը միանգամից ստորագրել է այդ երկրի նախագահը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31–ին ԱԺ–ում ասել է, որ կողմերն առաջիկայում միմյանց պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին:

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։ Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։