AM
4 November 2024 - 07:19 AMT

Ավինյան․ Հընթացս ուղեվարձի վճարման նոր ձևեր կավելանան, արտոնյալ խմբերը զեղչեր կունենան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հույս է հայտնել, որ մինչև հունվարի 1-ը տրանսպորտի համար 100 տոկոս կմոտենանք անկանխիկ վճարումներին:

Նա նշել է, թե հընթացս տրանսպորտի համար վճարման նոր մեթոդներ են առաջանալու, հայտնում է Aysor.am-ը։

«Շուտով կլուծվի բանկային քարտերով վճարումների հարցը։ Միասնական տոմսային համակարգն այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի։ Շուտով ավագանու նիստերից մեկին կանդրադառնանք արտոնյալ խմբերին, որոնք հանրային տրանսպորտից օգտվելիս ունենալու են զեղչային համակարգ»,-ասել է Ավինյանը։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Երևանում հանրային տրանսպորտից օգտվող ավելի քան 3․7 մլն ուղևորից միայն 3․4 տոկոսն է 2 շաբաթում օգտվել վճարման էլեկտրոնային տարբերակից։

Մինչդեռ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ: Ըստ նրա, դա թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։