AM
4 November 2024 - 07:41 AMT

Կաթողիկոս․ Երկիրն անկախ պետականությունն անսասան պահպանելու անհրաժեշտության առջև է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով իր պատգամում ասել է, որ երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև։

Նա նշել է, որ տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց «տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ մեր հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը»։

Կաթողիկոսը նշել է, որ մեր պատմությունը հարուստ է բազում վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները «Հայոց Հայրապետների գլխավորությամբ անձնդիր գործել մեր ազգի հոգևոր խնամքի և փրկության, հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման, մեր հայրենիքի, համայն մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության համար:»

«Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև Հայոց եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային միաբանությունը հաստատուն պահելու և անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև: Տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ մեր հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը»,–ասել է Գարեգին Երկրորդը։

Նա հավելել է, որ նման տագնապալի պայմաններում հարկ է «Տիրոջ օգնականությամբ բազմապատկել հոգևորականներիս և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենյաց և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման, այլև լուսավոր մեր նախնյաց կողմից ավանդված արժեհամակարգին և պատմական նվիրական հիշատակներին հավատարիմ՝ մեր ինքնության անխաթար պահպանման»։