AM
5 November 2024 - 12:06 AMT

GALLUP Int. Հարցվածների գրեթե 58%-ը դժգոհ է ՀՀ վարչապետի գործունեությունից

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, ներկայացնելով հարցման արդյունքները, ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ հարցված քաղաքացիների 57.6%-ը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից։ Հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։

Նրա խոսքով, հարցվածների 41․5%-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16․1%-ը՝ «ավելի շուտ բացասական», 14․1 տոկոսը՝ «լիովին դրական», 20․4 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ Հարցին դժվարացել է պատասխանել 7․9%-ը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության գործունեությունը «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20․9%-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35․4%-ը, «լիովին դրական»՝ 13․5%-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 24․3%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5․9%-ը։

ՀՀ նախագահի գործունեությունն «ավելի շուտ բացասական» է գնահատում 16․3%-ը, «ընդհանրապես բացասական» է գնահատում 39%-ը, «լիովին դրական է» գնահատում հարցվածների 8․6%-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 16․2%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 19․9%-ը։

Ազգայի ժողովի գործունեությունը «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 23․5%-ը, «ընդհանրապես բացասական» է գնահատում 43%-ը, «լիովին դրական» է գնահատում 8․6%-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 17%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 7․8%-ը։

ՀՀ քաղաքացիները նաև դժգոհ են ԱԺ բոլոր խմբակցությունների աշխատանքից։ Նրանք 5 բալանոց սանդղակից, պայմանով, որ դրական շեմը համարվում է 3 բալը, նման գնահատականներ են տվել. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 2,3 բալ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 բալ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` 1․9 բալ։

Հեռախոսային հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը, որին մասնակցել է 1100 քաղաքացի: