AM
7 November 2024 - 09:58 AMT

Ներկայացվել են ՀՀ–ում Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի առանձնահատկությունները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկա Շվիգոֆերովայի, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ծրագրի պատասխանատու Ալեքսանդրա Լեյբովայի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի առանձնահատկությունները:

Անդրադառնալով ՀՀ-ում իմպլեմենտացիոն օրենսդրության մշակմանը՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ արդեն կազմակերպվել է արտագնա մեկ քննարկում Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությանն առնչվող օրենսդրության մշակման հիմնական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո քաղաքացիական հասարակության հետ իրականացրած աշխատանքներում արձանագրված ձեռքբերումները: Նրանք խոսել են մասնավորապես օրեր առաջ տեղի ունեցած թրեյնինգի արդյունքների մասին, որը կազմակերպվել էր Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների համար: Ֆրեդերիկա Շվիգոֆերովան անդրադարձել է տարբեր երկրների փորձին, Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո ընդունվելիք անհրաժեշտ օրենսդրության առանձնահատկություններին:

Նշվել է, որ ակտիվ համագործակցում են ՀՀ արդարադատության նախարարության եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ:

Վլադիմիր Վարդանյանը կարևորել է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության խորհրդարանական հարթակը: Հանդիպմանը քննարկվել են նաև Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր:

2023-ի հոկտեմբերի 3–ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը, ըստ որի երկիրը պարտավորվում է ի կատար ածել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։