Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթերի իրականացման հնարավորություն կստեղծվի: Նա այդպես է պատասխանել հարցին, թե ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցում, հայտնում է Արմենպրեսը։
«Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթեր»,- ասել է դեսպանը։
Նրա համոզմամբ, Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:
Դեսպանը նաև հայ-իրանական սահմանին նոր, ավելի մեծ թողունակությամբ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում՝ երկու երկրի միջև առևտրաշրջանառության նախանշված ծավալին հասնելու համար:
«Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում», -ավելացրել է դեսպանը:
Կապանի օդանավակայանից կանոնավոր թռիչքների մասին հայտարարվեց 2023-ի օգոստոսի 17-ին։ Առաջին թռիչքի հաջորդ իսկ օրը օդանավակայանը գնդակոծվեց Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Ադրբեջանական կողմը օդանավակայանի ուղղությամբ կրակել էր նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին։ Հայաստանի կառավարությունը այս կրակոցների մասին օգոստոսի վերջին տեղեկացրել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ)։
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: