AM
9 November 2024 - 06:43 AMT

44-օրյայից 4 տարի անց. Դեռ ունենք գերիներ, խաղաղության պայմանագիր չի կնքվել

44-օրյա պատերազմից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020–ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրումից 4 տարի անց Արցախը հայաթափված է և ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ունենք գերիներ Բաքվի բանտերում և անհետ կորածներ, իսկ խաղաղության պայմանագիր կնքված չէ։

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր չեն կատարվել, այդ թվում՝ բոլոր գերիների վերադարձի պահանջը, թեև ՀՀ–ն կատարել է իր ստանձնած պարտավորությունները՝ դուրս է բերել զորքերը Քարվաճառից, Լաչինից, Աղդամից։

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցում էր օկուպացված Շուշի քաղաքը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ էր ադրբեջանցիների կողմից 9-ամսյա շրջափակումից հետո, վերջին ճանապարհը դարձավ Արցախից բռնագաղթած հայերի համար։ Ավելի ուշ ՈԴ–ն դուրս բերեց իր խաղաղապահներին Լաչինից և Արցախի ամբողջ տարածքից։

Մինչդեռ նոյեմբերի 9–ի հայտարարությամբ Ադրբեջանը երաշխավորելու էր «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Հայտարարության 9–րդ կետով ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, «ՀՀ–ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով, Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Սակայն Ադրբեջանը անարգել անցում է պահանջում դեպի Նախիջևան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով՝ չբացելով մյուս բոլոր հաղորդակցությունները։

Ադրբեջանից պարբերաբար սպառնալիքներ են հնչում Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին խաղաղության պայմանագիր կնքելու համար, որից գլխավորը ՀՀ սահմանադրությունը փոխելն է, քանի որ այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև՝ նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։