Ոստիկանությունը սառեցնում է մասնավոր օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ապահովող նախագիծը, որն ԱԺ–ն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Այդ մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախարարությունը ձեռնպահ է մնում տեսահսկում իրականացնող օրենսդրական նախագիծը, այն է՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առանց հանրային լայն կոնսենսուսի երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
Միաժամանակ, ՆԳՆ–ն ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
«Ուսումնասիրության առարկա է դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան։ Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռք բերումը չի հանդիսանում մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Սա ապացույցն է նաև նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։
Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ Ազգային ժողովը 2024–ի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով տնտեսվարողներին պարտադրվում էր տեսահսկման սարքեր տեղադրել եւ նախատեսվում էր ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով ոստիկանության համար հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: