Երևանի հանրային տրանսպորտի համար ներկրված 171 ավտոբուսն արդեն Հայաստանում է։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի նոյեմբերի 11-ի գործակարգավարական նիստին։
Ավտոբուսները, սակայն, դեռևս երթուղի դուրս չեն եկել։ Ներկայում իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ, հայտնում է ՍիվիլՆեթը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան վարչություններին հանձնարարել է ներկայացնել, թե ինչ ուղղություններով կաշխատեն այդ ավտոբուսները։
Զեկուցվել է նաև, որ առաջիկա ավագանու նիստին ավտոբուսները Երևանին փոխանցելու վերաբերյալ նախագիծ կներկայացվի։
«Երևանը, և մասնավորապես՝ հանրային տրանսպորտը, միայն այս տարի 8․5 մլրդ դրամ դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմով, նոր որակի տեխնիկայով և այլ հանգամանքներով։ Այդ գումարը կազմում է Երևանի քաղաքի եկամուտների մոտավորապես 15 տոկոսը։ Երբ ասվում է, որ Երևան քաղաքը պետք է սուբսիդավորի, այդպես էլ արվում է։ Այս նոր ավտոբուսները նույնպես էականորեն կավելացնեն ծախսը։ Այդ առումով շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցնելը»,- ասել է քաղաքապետը։
Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Միասնական տոմսային համակարգը պետք է գործեր 2024–ի սեպտեմբերից, սակայն գորշարկումը տեղափոխվել է 2025–ի հունվարի 1։