AM
11 November 2024 - 09:59 AMT

Քոչարյան. 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ բացահայտումներ կան

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շատ բացահայտումներ է արել։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով կատարված աշխատանքներին։

«Դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի։ Զեկույցն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ Իհարկե, շատ բացահայտումներ կան, առանց դրա չի կարող լինել, ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»,– նշել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ, թե զեկույցի որ հատվածը գաղտնի կլինի, որ հատվածը կհրապարակվի հանրության համար։ Այն հարցին, թե արդյոք բացահայտումներին քրեական գործեր հաջորդելու են, Քոչարյանը պատասխանել է` իհարկե կլինեն։

Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ զեկույցի ներկայացման ժամկետների խախտում չի եղել։

44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։