AM
11 November 2024 - 10:46 AMT

Փոխնախարար․ COP29-ին մասնակցել–չմասնակցելը բանակցային դինամիկայից է կախված

Հայաստանը Բաքվում արդեն մեկնարկած COP29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նա վերահաստատել է՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը կախված է Հայաստան-Ադրբեջան բանակցային դինամիկայից, հայտնում է Արմենպրեսը։

«Դեռ որոշում չունենք: Երբ լինի որոշում, պատշաճ կերպով կտեղեկացնենք»,–ասել է Կոստանյանը:

Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկած համաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։

Աշխարհի առանցքային երկրների առաջնորդները տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել համաժողովին: Միջազգային մի խումբ գործիչներ Ադրբեջանին կոչ էին արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունած բանաձևում ԵՄ-ին կոչ էր արել COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնել, որպեսզի վերջինս ազատ արձակի բոլոր հայ գերիներին։ Համաժողովին ընդառաջ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել միջազգային տարբեր գործիչներ։