AM
12 November 2024 - 07:39 AMT

Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել գերիների հարցով․ Ասում են` միասնական հայտարարություն է պետք

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հերթական քառօրյայի մեկնարկին ունեցած ելույթում հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկում կլինի։ Նա հավելել է, որ պետք է ընդունել միասնական հայտարարություն, հայտնում է Factor.am-ը։

Մինասյանը նշել է, որ սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP-29 շրջանակներում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանն՝ աջակցել բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին, հայտնում է Արմենպրեսը։

«Նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։ Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Օգտվելով հարցի հրատապությունից՝ կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ»,-նշել է Մինասյանը։

Մինասյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքները, այլ նաև իրականացնում է մարդկության նկատմամբ հակամարդկային արարք, և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն դրա վերաբերյալ։

Խորհրդարանում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացնում է 2025 թվականի պետբյուջեի նախագիծը, որն ավելի վաղ քննարկվել էր խորհրդարանական հանձնաժողովներում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։