Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվել տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային և աշխատանքային քննարկումներին ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրել։
Հաշվի առնելով Հայաստանում տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության խնդիրները և մարտահրավերները՝ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները գտնում են, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, «հատկապես քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրույթի ներգրավմամբ և ոլորտային հարակից օրենսդրության և պրակիկայի պատշաճ ուսումնասիրությամբ»:
«Սույն հայտարարությամբ նաև պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային և աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնակգտական աջակցությունը»,–ասվում է փաստաթղթում։
Հայտարարությունը ստորագրել է 17 ՀԿ։
Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ և առաջարկություններ՝ որպես հետևանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից: Նոյեմբերի 11-ին ՆԳՆ–ն հայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու և նախագծերի հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյա:
ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։






