ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ուղերձի նախագիծն Ազգային ժողովում չի ընդունվել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել քվեարկեությանը և ընդդիմության 30 կողմ ձայները բավարար չեն եղել ուղերձն ընդունելու համար։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել էին հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե ընդդիմությունը գերիների հարցը փորձում է վերածել քաղաքական կապիտալի։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, արձագանքելով ասել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է, որ ազատ արձակվեն ռազմագերիները, իսկ Ռուբինյանն ԱԺ ամբիոնը օգտագործում է ի չարս այդ նպատակի, հայտնում է Panorama.am-ը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ տարակուսել է, որ ՔՊ-ական մեծամասնությունը նման որակում է տալիս ընդդիմությանը, որոնցից շատերը Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող ռազմագերիների հետ ունեցելեն աշխատանքային և անձնական սերտ հարաբերություններ, և ՔՊ-ն նման որակում է տալիս նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որի եղբայրը ևս Բաքվի բատում է։
Քննարկման ժամանակ Մինասյանը նշել էր, որ սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP-29 շրջանակներում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանն՝ աջակցել բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին
Աշխարհի առանցքային երկրների առաջնորդները տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել համաժողովին: Միջազգային մի խումբ գործիչներ Ադրբեջանին կոչ էին արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունած բանաձևում ԵՄ-ին կոչ էր արել COP-29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնել, որպեսզի վերջինս ազատ արձակի բոլոր հայ գերիներին։ Համաժողովին ընդառաջ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել միջազգային տարբեր գործիչներ։