AM
12 November 2024 - 13:56 AMT

Ստորագրահավաք՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ․ Թևկապով մարդիկ կայցելեն բնակարաններ

«Մայր Հայաստան» շարժումը հայտարարել է Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության մասին։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա նշել է, որ հունվարի 1–ից նախատեսված միասնական տոմսային համակարգին անցումով մեկ ուղետոմսն արժենալու է 300 դրամ։

Նա հավելել է, որ յուրաքանչյուրը կարող է իր ստորագրությամբ միանալ գնի այդ թանկացման դեմ նախաձեռնությանը։ Նշվել է, որ դա պաշտոնական գործընթաց է՝ նախագիծը քննվելու է ավագանու նիստում։

Թևանյանն ասել է, որ նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկելու համար անհրաժեշտ է ընտրելու իրավունք ունեցող Երևանի ավելի քան 8000 բնակչի ստորագրություն։ Եթե նախագիծը նիստում մերժվի, ապա հարցը դնելու են հանրաքվեի։

«Ամիսներ առաջ մենք նախագիծ ու փաթեթ էինք առաջարկել։ Հիմա նախաձեռնում ենք քաղաքացիական ակցիա, որին յուրաքանչյուրը կարող է միանալ»,-ասել է Թևանյանը։

Նա ցուցադրել է թևկապերը, որոնք կրող շարժման անդամները մոտենալու են քաղաքացիներին, այցելեն բնակարաններ ստորագրություններ հավաքելու համար։