ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցը Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։
Տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։
ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ
Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։