Երևանի կենտրոնում Նոր տարվա ձևավորման աշխատանքները 2 ամիս շուտ են սկսվել, որպեսզի մայրաքաղաքին ավելի շուտ տոնական մթնոլորտ հաղորդվի։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Աշխատանքները շատ են ու մանրակրկիտ, ձևավորման աշխատանքները մի քիչ շուտ ենք սկսել, որպեսզի ամեն ինչ ժամանակին հասցնենք ու մյուս տարիների համեմատ ավելի շուտ վերջացնենք»,– հայտնել են քաղաքապետարանից։
Ի՞նչ ընկերություն կամ ընկերություններ են հաղթել դեռ հոկտեմբերին հայտարարված մրցույթներում, և ո՞րքան գումար է սահմանվել կամ հատկացվել տոնական ձևավորման համար։ Հարցին ի պատասխան կառույցից հայտնել են, որ այս թեմայով դեկտեմբերի առաջին տասնօրյակից շուտ պետք չէ հարցում անել. դեռ հստակ պատասխաններ չունեն, քանի որ ֆինանսական հարաբերությունների, պայմանագրի և այլ բաղադրիչների մասով դեռևս ճշգրտման կարիք են տեսնում։
Քաղաքապետարանից նաև ասել են, որ այս պահին միայն տոնածառն է հավաքվում, ուրիշ ոչինչ, դա էլ այս տարի իրականացնում է «Ձևավորում և սպասարկում» ՓԲԸ–ն։
Դիտարկմանը, որ Հանրապետության հրապարակում բացի տոնածառի տեղադրումից, արդեն ավարտվել են շենքերի արտաքին լուսավորման և ձևավորման աշխատանքները, արդեն շատրվանների հատվածն են զարդարում, գերատեսչությունից վստահեցրել են` իրենք որևէ բան թաքցնելու միտում չունեն, ուղղակի ամբողջական պատկերը չեն կարող հայտնել։
Քաղաքապետարանից խոստացել են տոնական ձևավորմանն առնչվող ծախսերի վերաբերյալ հստակ պատասխան տալ մոտավորապես 30–օրյա ժամկետում։