Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ վերջին 600 տարին մենք, որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված, ու ոչ թե մեր ստեղծած պետության մեջ։
«Հետևաբար, պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Փաշինյանի խոսքով՝ խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապել են սահմանը պահող կամավորի ու կամավորության հետ։
«Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն ՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասել է նա։
Հանուն արդարության՝ Փաշինյանն ասել է, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ։
«Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև խորհուրդ է տվել դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, հայտնում է Aysor.am-ը։
«Սա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև սա մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասել է վարչապետը։