AM
14 November 2024 - 11:19 AMT

Սահակյան. Ադրբեջանցիները գերիներին ստիպել են փորել գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեին

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ունեցած ելույթում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայերի ճակատագրերը վճռելը դարձել է միջպետական հարաբերություններում գերիշխանության դրսևորման եղանակներից մեկը։ Նա հավելել է, որ այս պայմաններում անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում, հայտնում է «Փաստինֆոն»։

Մանրամասներ ներկայացնելով խոշտանգման դեպքերից՝ Սահակյանը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ գերիներին ստիպել են փորել գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեին։

Նրա փոխանցմամբ՝ պաշտոնապես հաստատված է՝ 23 հայ այս պահին գտնվում է Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայերի կարգավիճակի մասին խոսելիս օգտագործվում է գերի, պատանդ տերմինները։

«Պատանդը ճիշտ է նկարագրում նրաց կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը կապված է ոչ թե կոնֆլիկիտի, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ»,-ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ, ի սկզբանե, այո, մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցաբերեցին, վաղ փուլում ադրբեջանական կողմը տևական ժամանակ հրաժարվում էր հաստատումներ տալ, ընտանիքները տևական ժամանակ գտնվում էին անորոշության մեջ։ Բարեբախտաբար դատական գործընթացների և ԿԽՄԿ-ի շնորհիվ գերեվարման դեպքերը սկսեցին հաստատվել, ավելի ուշ՝ հնարավորություն տրվեց տեսակցությունների։

Սահակյանը նշել է, որ պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել է 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին։

«Այս անձանց ազատ արձակումը կապված է և քաղաքական, և դիվանագիտական, և իրավական աշխատանքի հետ։ Նշեմ, որ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառպես ապահովում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ, բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաև կոմիտեի գործունեությունը»,-ասել է Սահակյանը։

Նա հավելել է, որ եղել են հայրենադարձված գերիներ, որոնց երբևէ չի տեսակցել ԿԽՄԿ-ն։

2020թ․ պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր, նախնական տվյալներով՝ 300-ը գերազանցող հայեր գերեվարվել են, հայրենադարձվել է մոտ 200 գերի, որոնց շրջանում առկա էին անձինք, որոնք սահմանային միջադեպերի արդյունքում էին հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։