ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը նոյեմբերի 14–ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է Sputnik Արմենիան։
Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։
Քննարկվել են Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի և ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցեր։
«ՀԱՊԿ–ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,– ասել է Բադալյանը:
Ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Սեպտեմբերին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։