Եվրասիական զբոսաշրջային երթուղիների քարտեզներ են մշակվել, ինչն ուղղված է ԵԱՏՄ երկրներում զբոսաշրջության զարգացմանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության երկրներին առաջարկել է հաշվի առնել համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների քարտեզները զբոսաշրջության ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնման և զբոսաշրջային ծառայությունների շուկայի զարգացման համար։
Քարտեզները ձևավորվել են մասնակից երկրների առաջարկների հիման վրա և ներառում են տեղեկատվություն 419 եվրասիական զբոսաշրջային օբյեկտի, 38 երթուղու, տեղաշարժի եղանակների մասին, հայտնում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը։
ԵՏՀ կոլեգիայի հանձնարարականը նախատեսում է, որ քարտեզները հաշվի են առնվելու զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և զբոսաշրջային ծառայությունների շուկայի զարգացման աշխատանքներում։ Բացի այդ, երկրները կկարողանան առաջարկներ ներկայացնել քարտեզների հետագա արդիականացման համար:
ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովի խոսքով՝ երթուղիների քարտեզները զբոսաշրջիկներին թույլ կտան հեշտությամբ և հարմարավետ պլանավորել իրենց ուղևորությունները ԵԱՏՄ երկրներով, ինչպես նաև կնպաստեն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և զբոսաշրջային հոսքի ավելացմանը։
«ԵԱՏՄ-ում զբոսաշրջության զարգացումը մեծ ներուժ ունի: Մասնակից երկրներն ունեն հարուստ մշակութային և պատմական ժառանգություն, բնության եզակի օբյեկտներ: Մեր հանձնարարականը թույլ կտա միավորել ԵԱՏՄ երկրներում զբոսաշրջության զարգացման ջանքերը՝ ստեղծելով ճանապարհորդությունների նոր հնարավորություններ և ընդլայնելով զբոսաշրջային ծառայությունների շուկաները»,- նշել է տնօրենը։