Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով։ Որպես կանոն, շաքարային դիաբետի տիպ 2-ը, տեսանելի որևէ դրսևորման բացակայության պատճառով, երկար ժամանակ մնում է չախտորոշված:
2023 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է մոտ 114,000 մարդ, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են`ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն, մշտական ծարավի և քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում:
Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Հայաստանում իրականացվում են մի շարք միջոցառումներ`
– Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն:
– Շաքարային դիաբետի դեղերը շահառուներին հատկացվում են անվճար:
– Մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով երեխաների արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում նաև` դիսպանսեր հսկողությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
– «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում հաշվառված մինչև 22 տարեկանը ներառյալ դիաբետով պացիենտներին անվճար տրամադրվում են ինսուլին և ինսուլինային ներարկիչները` ըստ պահանջարկի, նաև արյան մեջ գլուկոզայի քանակը չափող սարքերի թեստ-երիզներ:
– Մշակվել և հաստատվել են «2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը, ինչպես նաև շաքարային դիաբետով պացիենտների վարման գործելակարգերը, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ներզատաբանների, սրտաբանների համար:
Շաքարային դիաբետի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մասնագետները հորդորում են`վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ:
Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի և հիշել, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։