Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալով կենսաթոշակների հարցին, ասել է, որ ՀՀ-ում թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօր նրանցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի:
Նա հավելել է, որ եթե պարգևավճարները կտրեն, թոշակները կարող են ավելացնել 1000 դրամով, բայց փոխարենը 3000 դրամ հետվճար են տալիս։
«Եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձը, պարգևավճարները, ավտոմեքենաները, դրանց սպասարկման վճարով և բենզինի ծախսով, ամբողջ գումարը դնենք թոշակի վրա, կենսաթոշակը կարող ենք բարձրացնել 9000 դրամով: Բայց թոշկառուները դա չեն ստանա, քանի որ փողը հավաքելը ծախս ունի: Նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, քանի որ չկա ՊԵԿ-ը: Ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի: Այո, այսօր ՊԵԿ-ում կան մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ ու մենք ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք, որ հանկարծ գործից դուրս չգան: Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ չի կառուցվի:
Եթե միայն պարգևավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով: Բայց մենք ուրիշ բան ենք արել՝ հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն միջինը 3000 դրամ հետ է ստացել՝ այսինքն էդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք, արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք թոշակառուներին: Սխա՞լ ենք արել»,- ԱՍԵԼ Է Փաշինյանը:
Վարչապետը նաև ասել է, որ առաջին անգամ կարողացել են հասնել նրան, որ նվազագույն թոշակը ավելի մեծ է եղել, քան պարենային նվազագույն զամբյուղը:
2025-ի բյուջեով թոշակների բարձրացում չի նախատեսվել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։