AM
14 November 2024 - 14:56 AMT

Թունբերգ․ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում

Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։

Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում, հայտնում է «Ազատությունը»։

«Այդ տանջանքները, ճնշումներն արդարացում չունեն, իսկ աշխարհը լուռ է», – ասել է բնապահպանը։

Թունբերգը Հայաստան ժամանելով հայտարարել է, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը։ Նոյեմբերի 15–ին նա COP29-ի թեմայով բողոքի ակցիա է անցկացնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Գրետա Թունբերգի կողմից կազմակերպված բողոքի ցույցի կապակցությամբ և դեռսև չի հասցրել արձագանքել նրա հայաստանյան ելույթին։

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե երկրում մարդու իրավունքները լիովին պաշտպանված են, հայտնում է Factor.am-ը։

«Ընդհանուր առմամբ, անընդունելի է ադրբեջանա-հայկական անցյալ հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, որտեղ տասնյակ ցուցարարներ քննադատել էին Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու համար

Թբիլիսիում Թունբերգը քննադատել էր Բաքվում COP-ի անցկացումը, իսկ Ադրբեջանը բնութագրել որպես «ռեպրեսիվ, օկուպացիոն պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է ճնշել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը»։ Նա Ադրբեջանին մեղադրել է գագաթնաժողովը որպես «իր հանցագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու հնարավորություն» օգտագործելու համար։