AM
14 November 2024 - 15:03 AMT

Բաքուն դեռ չի փոխանցել ՀՀ–ին Ստեփանակերտում մահացած տարեց կնոջ մարմինը

Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն դեռևս չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։ ԿԽՄԿ–ն առաջարկել է իր ծառայությունները, սակայն դեռ առաջընթաց չկա:

70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։

Կնոջ ազգականները պահանջում են նրա աճյունը տեղափոխել ՀՀ՝ հուղարկավորելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։

ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ տվյալ պահի դրությամբ՝ որևէ լուրեր՝ այս դեպքի և դրա հետ լուծումների հետ կապված՝ չունեն։

«Կարող եմ փաստել, որ այդ հարցով ընտանիքը մեզ դիմել է։ Մենք կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքերում չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որևէ պարագայում՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, պատրաստակամ ենք դրանք իրագործելու՝ որոշում կայացնելու և համապատասխան լուծում գտնելու պարագայում, սակայն տվյալ պահին չկա որևէ առաջընթաց»,- ասել է Ամատունին։