Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Հունգարիայի ԱԺ շենքում և գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Հունգարիան այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում։ Ավելի վաղ այդ երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ նոյեմբերին կհաստատվի ՀՀ-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը։