AM
15 November 2024 - 12:24 AMT

Դատարանը Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոյեմբերի 15–ին շարունակվել է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։

Դատական նիստին մեղադրյալներից ներկա էր միայն Արմեն Գևորգյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին պետք է հարկադրաբար ներկայացնեն Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։

Որոշման կայացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանապետին։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11–ի դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, հայտարարել է, որ եկել է՝ բարի կամք դրսևորելով։