ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա է իրականացվում։
«Մենք մինչև այս պահը՝ 2021-ից, նիստեր են լինում, չենք հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտոնատար անձինք անձի կարգավիճակը տալիս են պատշաճ ընթացակարգերի արդյունքում»,- ասել է Օրբելյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Այն դիտարկմանը, թե որն է պատշաճ ընթացակարգը, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացված է, վերադարձել ենք այն փուլին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը կարճել է գործը՝ Օրբելյանն արձագանքել է՝ նշելով, որ պետք է նորից քրեական հետապնդումը դադարեցվի։
Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ քրեական գործը պետք է կարճվեր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի ոչ թե՝ 1-ին մասի 1-ին կետով, այլ՝ երկրորդ։
«Հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց՝ քրեական դատավարությունը չկա, «կրկին փորձիր» չէ, մեկ անգամ բացեցիր խցանի տակ չկար՝ շահել ենք, մի հատ էլ փորձեք»,- նշել է փաստաբանը։
Հակակոռուպցիոն քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11–ի դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, հայտարարել էր, որ եկել է՝ բարի կամք դրսևորելով։






