AM
15 November 2024 - 13:26 AMT

Թունբերգը Երևանում մասնակցել է Stop Greenwashing Genocide! ակցիային ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացվում Stop Greenwashing Genocide! խորագրով, որին մասնակցում է հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել Բաքվում ընթացող COP29-ին՝ անցկացման վայրի պատճառով:

Ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, հայտնում է Factor.am-ը։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերված COP29-ի պաստառի վրա կարմիր ներկով «արյունոտ ձեռքեր» են պատկերել ի նշան այն Ադրբեջանում անցկացնելու բողոքի։

«Մենք ցույց ենք տալու, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են COP29-ը անցկացնել բռնապետական պետության ներսում, սոլիդար են ոչ թե COP29-ի խորագրի, այլ այն գործընթացների հետ, որ իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Արցախի բնակիչների նկատմամբ»,–ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։ Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում:

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թունբերգն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նա մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: