AM
15 November 2024 - 14:53 AMT

Թունբերգը կոչ է արել COP29-ի մասնակիցներին և Բաքվում գտնվող միջազգային ԶԼՄ–ներին այցելել հայ գերիներին

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը մասնակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Stop Greenwashing Genocide! խորագրով անցնող բողոքի ակցիային, կոչ է արել COP29-ին մասնակցող և Բաքվում գտնվող միջազգային լրատվամիջոցներին և նրանց, ովքեր ի զորու են, այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին և պահանջել բոլոր քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակումը։

Թունբերգն ակցիայի ընթացքում ելույթի ժամանակ զարմանք է արտահայտել, որ Կլիմայական գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթային պետություն հանդիսացող Ադրբեջանում, որը չի հարգում մարդու հիմնարար իրավունքները, հայտնում է Արմենպրեսը։

«Ադրբեջանի ձեռքերն արյունոտ են ինչպես իր սեփական ժողովրդի նկատմամբ ճնշումներով, այնպես էլ Արցախի հայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողություններով։ Անընդունելի է այն տառապանքը, բռնի տեղահանությունն ու շարունակվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, որի միջով անցել են հայերը», – ասել է Թունբերգը։

Նա հավելել է որ Ադրբեջանը մի պետություն է, որը մեծապես կախված է հանածո վառելիքից և մտադիր է ավելի ընդլայնել այդ վառելիքի արդյունահանումը։

Գրետա Թունբերգի բնորոշմամբ՝ երբ ասվում է կլիմայական արդարադատություն, նկատի է առնվում արդարադատություն բոլորի համար։

«Մենք չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, իսկ Ադրբեջանի պես պետությունը, որը պատասխանատու է էթնիկ զտումների և ցեղասպանության համար, օրակարգ ձևավորի։ Մի պետություն, որը մտադիր չէ իրական կլիմայական գործողություններ իրականացնել», – ասել է Թունբերգը՝ շեշտելով, որ աշխարհը չի կարող ունենալ կլիմայական արդարություն, առանց հասարակական արդարության։

Թունբերգի կարծիքով՝ արհամարհական է, որ աշխարհը շարունակում է լուռ մնալ Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ։

Ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրել և ՄԱԿ-ի գրասենյակին նամակ են փոխանցել։

Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։ Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում:

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թունբերգն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նա մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: