Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում:
«Թվարկված մարմինները, ըստ էության, դուրս էին խորհրդարանական ձևաչափով վերահսկողության դաշտից»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով այդպիսի հանդիպումները սպասված են հասարակության կողմից:
Նախագծով ամեն տարի` գարնանային նստաշրջանից մինչև ամառային արձակուրդների հատվածը, նշված մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: