AM
18 November 2024 - 09:01 AMT

Կայացել է «Մսյո Ազնավուր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ/Սիթիլայն» կինոընկերությունն է։

Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ պրեմիերան՝ ստեղծագործական կազմի մասնակցությամբ, գրում է «Առավոտը»։

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, որը հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։

Ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Ֆիլմի ռեժիսորներից Մեհդի Իդիրը, որը ներկա էր երևանյան պրեմիերային, տեղեկացրեց, որ Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը․ նա տեսել է իր և Գրան Կոր Մալյարդի նախորդ աշխատանքներից և տպավորված է եղել իրենց գործունեությամբ։

«Ազնավուրը շատ սկսնակ արտիստների հաջողության երաշխավորն էր։ Այդպես էլ եղավ մեր ֆիլմի պարագայում։ Երկար ժամանակ Ազնավուրի հետ քննարկում էինք, թե ինչպիսին է տեսնում ֆիլմը, ինչ զարգացումներով այն պետք է լինի։ Ցավոք, Ազնավուրը հեռացավ կյանքից, և մենք ստիպված էինք մի կողմ դնել ֆիլմը՝ ավելի ուշ անդրադառնալով նրա գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մեհդի Իդիրը։

Ֆիլմում խաղացել է նաև հայ դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Ստեղծագործական անձնակազմը շատ տպավորված է եղել Նարինեի հետ աշխատանքից։ «Մեծ պատիվ էր լինել այս ֆիլմում։ Առաջին անգամ էի տեսնում, որ երկու ռեժիսոր են նկարահանում ֆիլմը, և շատ զարմացած էի այդ ներդաշնակ ընթացքից։ Մթնոլորտը բացարձակ լարված չէր, ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Թահիր Ռահիմի հետ»,-նշել է Նարինե Գրիգորյանը։