ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս հրաժարականի դիմում են գրել։
Բադասյանը ուղերձ է հղել, որը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։ Նա վստահություն է հայտնել, որ ՊԵԿ աշխատակիցները կշարունակեն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեն միջազգային գործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդելու քայլերը, կներդնեն հարկ վճարողներին սպասարկելու նորանոր գործիքներ։
Նա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին, ՀՀ վարչապետին և հարկ վճարողներին։
Սանոսյանն իր ուղերձում նշել է, որ հետևում թողնում է կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում է «հանգիստ և խաղաղ»։ Նա նշել է, որ այս 3 տարիների ընթացքում աշխատել է ուժերի գերլարումով՝ ի նպաստ պետության և ժողովրդի։
Արգիշտի Քյարամյանը ևս հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Հրաժարակն են տվել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։