AM
18 November 2024 - 11:05 AMT

Ավինյան․ Օպերային հարակից շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ շարունակվում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Օպերայի հարակից տարածքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու են։

Նա նշել է, որ կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են:

«Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Ավինյանը: