AM
18 November 2024 - 11:35 AMT

ՔՊ-ական․ Աղազարյանի մասով հարուցված կարգապահական վարույթ կա՝ հետևանքներ կունենա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին, ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կարգապահական վարույթ է հարուցվել այդ հարցով։

Նա նշել է, որ այն ծագել էր դեռ խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, ինչի արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցվի, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցին, թե չի բացառվում արդյոք, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վայր դնեն իրենց մանդատները, ասել է, որ վարույթը կունենա հետևանքներ։

«Կա հարուցված կարգապահական վարույթ, որը, կունենա, բնականաբար, հետևանքներ։ Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրան արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասել է նա:

Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։