AM
18 November 2024 - 11:49 AMT

Կոնջորյան․ Պաշտոնանկությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին, ասել է, որ դրանք պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից:

Նա այդպես է պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ փոփոխությունները կապված են համատարած դժգոհությունների հետ, ինչպես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ դրանք նախընտրական քայլեր են, ինչպես պնդում է ընդդիմությունը, հայտնում է Արմենպրեսը։

Կոնջորյանն ասել է, որ այս հարցին պետք է նայել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե ներքաղաքական կամ իմիջային գործընթացների համատեքստում։

«Վարչապետն այսօր ևս գրառում է արել այդ մասով։ Վստահ եմ, որ նոյեմբերի 15-ի կառավարության նիստին հետևել եք։ Վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումներն ու դժգոհությունները։ Նա հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու և այդ որոշումները կայացրել է։ Այնպես որ, որևէ բան անակնկալ չէ, և որևէ բան նոր չէ»,- ասել է Կոնջորյանը։

Կոնջորյանը շեշտել է, որ բազմիցս վարչապետն ու կառավարող ուժը բարձրաձայնել են դատաիրավական համակարգի վերաբերյալ հարցերը։

«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և չափազանց կարևոր է, որ այս պահանջը էմոցիոնալից վերածվի ինստիտուցիոնալ իրողության։ Այս մասով կան իրականացված գործեր, բայց նաև՝ բացթողումներ և չարված գործեր։ Այս փոփոխությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից»,- ընդգծել է նա։

Կոնջորյանը նաև հերքել է այն պնդումները, թե պաշտոնանկություններն ունեն նախընտրական ենթատեքստ։

Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։