AM
18 November 2024 - 13:03 AMT

Ավինյան․ Աշակերտները դպրոցն ավարտելիս պետք է բավարար չափով անգլերեն իմանան

Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին:

Անդրադառնալով հարցին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ դա շատ կարևոր հարց է, գրում է «Հայկական ժամանակը»։

«Ես կարծում եմ, որ մեր աշակերտները Երևանում դպրոցն ավարտելիս պետք է հստակ բավարար մակարդակով անգլերենի իմացություն ունենան: Դրանով մենք ստեղծում ենք ավելի շատ հնարավորություններ, քան ավելի շատ այլ կարևոր, բայց ավելի ածանցյալ ծրագրերով»,–ասել է քաղաքապետը։

«Ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ՝ ինչպես տարրական դասարանի, այնպես էլ հիմնական և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ 4,000-ից ավելի սովորողների ընդգրկմամբ»,- մանրամասնել է Խաչատրյանը:

Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Երևանի քաղաքապետարանը շարունակաբար Երևանի բոլոր դպրոցներում շարունակելու է ավելացնել անգլերենի խմբակները.

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որով երևանյան դպրոցներում մենք ժամանակի ընթացքում ավելացնում ենք անգլերենի խմբակները: Հավատացած ենք՝ անգլերենի իմացությունը դպրոց ավարտող աշակերտների համար առաջնային է»,- ասել է նա։