Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով արցախցիների իրավունքներին, հայտարարել է, որ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի անկատար որոշման մասին:
«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,–ասվում է դեսպանի հայատառ գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։