AM
18 November 2024 - 14:31 AMT

Մարագոս․ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման վերջնական որոշում դեռ չկա

Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդ կշարունակի՞ մնալ այստեղ, թե ոչ։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ դեռ վերջնական որոշում չկա, հայտնում է «Ազատությունը»։

2023-ի փետրվարին Հայաստան ժամանեց նախ 100 քաղաքացիական դիտորդ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։

Նա չի հստակեցրել նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», – ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Դեսպանը նաև հակադարձել է Բաքվի մեղադրանքներին՝ նշելով, որ Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը։

«Այս առաքելության մանդատը շատ պարզ է։ Սա քաղաքացիական առաքելություն է, որը տեղում իր ներկայությամբ օգնում է տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանը: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կարգավորմանն ուղղված ջանքերին։ Եվ այս առաքելությունը, որը շատ պրոֆեսիոնալ է և ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունն է վայելում, այս առումով հիանալի աշխատանք է կատարում», – ընդգծել է Մարագոսը:

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ – ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարևորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն անցած ամիս ևս մեկ անգամ քննադատել էր Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդներին՝ պնդելով, թե դա սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ – ադրբեջանական կարգավորմանը, նշել, թե նրանք «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար: