Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վատիկան կատարած աշխատանքային այցի շրջանակում որպես նվեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» և նվեր ստացել Սբ Ֆրանցիսկոսի քանդակը։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Vatican news-ը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վատիկանում ընդունելության ժամանակ։ Նա Հռոմի պապին է նվիրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» և պատասխան նվեր ստացել՝ Սբ Ֆրանցիսկոսի քանդակը, որի կողքին պատկերված է աշխարհի կերպարը, որին աղտոտում է սպառնում»,–ասվում է գրառման մեջ։
Հռոմի պապի հետ առանձնազրույցի ժամանակ վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: