Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը՝ հիշեցնելով, որ դեռ գարնանը հայտարարվել էր, որ մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումն այդպիսի փաթեթ կմշակվի։
Գրիգորյանը, պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի հարցին, ասել է, որ «քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների համար անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարց քննարկվելու է»։
Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, ուղղված են փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ, հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20% մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուներին 30%, ուսանողներին՝ անկախ հաշվառման վայրից, 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին կամ 2-րդ խմբի կամ, նոր դասակարգմամբ, խոր կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, «Փարոսի» շահառու են՝ 20%, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց՝ անվճար, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների ծնողներին՝ 4 և ավելի երեխաներ ունեցողներին, նույնպես անվճար»,- ասել է նա։
Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանն ասել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար, հայտնում է «Ազատությունը»։
Գրիգորյանն արձագանքել է՝ նշելով, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։