AM
19 November 2024 - 10:26 AMT

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է 7 ստեղծագործություն` մոտ $500,000 արժողությամբ

Նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն` մոտ 500,000 դոլար արժողության։ Այդ մասին հայտնել է «Քոչար» մշակութային հիմնադրամը:

«Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,–ասվում է հայտարարության մեջ։

Երվանդ Քոչարը խորհրդային շրջանի հայ նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում։

1984 թվականին Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել մաեստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։