Երևանի ավագանին ընդունել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը՝ արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորությամբ տոմսային փաթեթներին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ փաթեթն առնչվելու է մոտ 550,000 մարդու, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախատեսվում է, որ հանրային տրանսպորտն անվճար կդառնա 0-7 տարեկանների, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պետական խնամքի տակ գտնվող, ՀՀ ազգային հերոսի, Մարտական խաչի և այլ շքանշաններ ստացածների ու 4 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։
Զեղչեր կտրամադրվեն դպրոցականներին (20%), թոշակառուներին (30%), ուսանողներին (15%), ինչպես նաև նպաստառուներին (20%)։
Երևանի ավագանին ընդունել է նաև Արցախի կամ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախագիծը ներկայացրել է «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը։ Ավագանու անդամներից 54-ը կողմ քվեարկեցին առաջարկին, 1-ը` ձեռնպահ։
Այս նախագծի շահառու է 13,500 անձ, որոնք բոլորը Երևանի գրանցում ունեն։ Այսինքն` մարզերից մայրաքաղաք եկող և նույն կարգավիճակն ունեցող անձինք այս փաթեթից օգտվել չեն կարողանա։
Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած կամ անհետ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) անսահմանափակ ուղևորություններ կատարելու հնարավորություն կունենան «90 օր» ֆիզիկական քարտ ձեռք բերելու դեպքում՝ ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում։ Այս փաթեթը կգործի յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով։
Անվճար օգտվելու պայմանը կգործի նաև «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու դեպքում։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը փորձել էր ճշտել, թե ինչու ցանկում չկան ապրիլյան և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների անդամները։ Գրիգորյանը պատասխանել է, որ նրանց համար առանձին քննարկվելու է անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարցը: