Հունական SKY Express ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն այս կապակցությամբ ասել է. «Շնորհավորում ենք մեր գործընկերներին: Դեպի Աթենք ևս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի և Հունաստանի միջև աճող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: Հուսով եմ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է ու ականատես կլինենք ավելի շատ նոր ուղղությունների բացմանը»:
SKY express ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասն ասել է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ավելացել է SKY express միջազգային ցանցին: Այս նոր երթուղին, ուղիղ թռիչքներով դեպի Հայաստանի մայրաքաղաք, ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև»:
SKY Express ավիաընկերությունը շահագործում է Հունաստանի 33 ուղղություններից բաղկացած ամենամեծ ցանցը և 22 ուղղությունների ընդլայնվող միջազգային ցանցը: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: