Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ղեկավարած ուժը ստորագրահավաք է սկսել հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, հայտնել է, որ արդեն 40,000–ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Մեկ օրում հավաքվել է 4000–ից ավելի ստորագրություն։
«Նոյեմբերի 18–ին 4061 քաղաքացի միացավ ստորագրահավաքին: Ընդհանուր արդեն 40,531 ստորագրություն։ Շնորհակալ եմ բոլորին»,–գրել է նա։
Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։