AM
20 November 2024 - 09:46 AMT

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8–ին․ Ամանորյա ձևավորման համար կծախսվի 549.7 մլն դրամ

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8–ին, իսկ Երևանի ամանորյա ձևավորման համար ընդհանուր կծախսվի 549.7 մլն դրամ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե քաղաքապետարանը գնալով ռեկորդ է սահմանում ձևավորման աշխատանքի բյուջեի մասով՝ հավելելով, որ այս տարի 2023–ի բյուջեից մոտ 76 մլն դրամով պակաս է հատկացվել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած և նախանցած տարիների բյուջեն։ Մենք 50 մլն դրամ նախատեսել էինք տոնածառի ճյուղեր ու նոր խաղալիքներ ձեռք բերելու համար, բայց քանի որ հայտարարված մրցույթը չկայացավ, մենք 18 մլն դրամի շրջանակներում մեկ անձից գնումներ կատարեցինք»,–ասել է Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով` իրենք կփորձեն այս տարի 18 մլն դրամ բյուջեով Հանրապետության գլխավոր տոնածառին ներկայանալի տեսք տալ, սակայն եկող տարի և՛ խաղալիքները, և՛ նոսրացած ճյուղերը պետք է փոխարինվեն։

Նա նշել է, որ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի շարունակական ներդրումներ անեն, հայտնում է Aysor.am-ը։

2022-23 թվականի Ամանորին քաղաքապետարանը ծախսել է 590 մլն 990 հազար դրամ։ 2023-24 թվականի ամանորյա տոնակատարության համար ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ։