Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեր են ներկայացրել 7 ստեղծագործության անհետացման մասին։ Քոչարն ասել է, որ անհետացած ստեղծագործություններից միայն մեկի տեղը գիտեն՝ Մոսկվայում է, ևս մեկ ստեղծագործության մասով էլ կասկած ունեն, մտածում են՝ ֆիզիկական անձի են նվիրել, բայց անուն չեն հրապարակի։
Քոչարը նշել է, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը, գրում է Aysor.am-ը։
«Նա մեր ընտանիքի ամբողջ արխիվը թանգարանի միավոր դարձրեց, պետությունից որոշ գործեր խնդրեց, որ թանգարանին տրամադրվեն, մեր երկու եղբայրներին էլ խնդրեց, առաջարկեց՝ այն ամենը, ինչ ժառանգված է մեզ, սարքենք ժողովրդական, ոչ թե վերցնենք, մեր տանը պահենք ու վաճառենք, այլ տրամադրենք թանգարանին, որ ցուցադրեն ու ժողովուրդը կարողանա տեսնել»,- պատմել է Ռուբեն Քոչարը։
Նա ասել է, որ թանգարանի հիմնական գործերը հանդիսանում են իր սեփականությունը։
«Ես ու եղբայրս համաձայնվեցինք։ Մորս կենդանության օրոք, որ թանգարանի տնօրենն էր այդ ժամանակ, ես հանձնեցի 21 միավոր գործ, որի համար ստացա հավատարմագիր»,- նշել է Երվանդ Քոչարի որդին։
Նա ասաց, թե մայրն արդեն գիտակցում էր, որ ծանր հիվանդ է, հաշված օրեր են մնացել, արագ մտածել է, թե ով պետք է այդ ամենը տնօրինի։
«Ես համաձայն չէի, ես կինոյի մարդ եմ, ես ուզում էի աշխարհ տեսնել, եղբայրս նույնպես ստեղածագործող անձնավորություն էր, որոշեցին հանձնել մեր հարսին, կարծում էի՝ մեր ընտանիքի միակ ու հավատարիմ մարդն էր, որին կարելի էր վստահել։ Մեր հարսը եղավ ֆոնդապահ, ես շատ հանգիստ էի, ի վերջո, Երվանդ Քոչարի հարստությունը ոչ միայն մեր հարսն է տնօրինում, այլև ժողովուրդը կարող է գնալ ու տեսնել այդ շեդևրները»,- ասել է Ռուբեն Քոչարը։
Անցան տարիներ, Ռուբեն Քոչարն ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք ու, ի զարմանս իրեն, երբ թանգարանում իրեն տեսել է հարսը՝ արդեն թանգարանի տնօրենը, զարմացել է։
«Ասաց՝ «ինչո՞ւ ես եկել, դու ի՞նչ կապ ունես թանգարանի հետ, դուրս արի այստեղից, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար»,–ասել է նա։
Քոչարի խոսքով՝ երբ մոտեցել է Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանական տարին, ինքը որոշել է Քոչարի գործերը Հայաստանից դուրս հանել։
«Ասացի՝ իմ սեփականությունը կհանեմ, կցուցադրեմ, հարց տվեցի, ասացի՝ գործերը որտե՞ղ են, լռություն եղավ, ասացին՝ մի շաբաթից հետո կպատասխանեն։ Մեկ շաբաթ հետո Լալա ու Կարինե Քոչարները ինձ բերեցին ցուցակ՝ գունավոր լուսանկարներով՝ կողքը նշած՝ այս-այս գործերը չկան։ Ո՞նց թե չկան, որտե՞ղ են»,- մանրամասնել է Երվանդ Քոչարի որդին՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջում։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահություն է հայտնել, որ շուտով հակահարված են ստանալու, ասելու են՝ ներընտանեկան վեճ է, պարոն Ռուբենը ցանկանում է նկարները վերցնել ու ծախել։
«Որպեսզի հաստատվի փաստը, որ նկարները չկան, որպես սեփականատեր՝ Ռուբեն Քոչարը դիմել է թանգարանին ու խնդրել վերադարձնել իր սեփականությունը, իմաստն այն էր՝ հասկանալ նկարները կա՞ն, թե՞ ոչ»,- նշել է Աթանեսյանը։
Նա ասել է որ բողոք են ներկայացրել կառավարություն, որը հասել է Քննչական կոմիտե, սակայն «գործը զոհվում է»։
«Քննչական մարմիններին, ցավոք սրտի, հավատալ պետք չէ։ Մենք դիմել ենք նաև ՊՎԾ ու ԿԳՄՍՆ, ԿԳՄՍՆ-ի վարքագիծը «շատ լավն է»՝ ասում են, որ պարբերաբար ստուգել են թանգարանը, գիտե՞ք ոնց՝ գրում են թանգարանին, ու ասում ՝ «մի հատ ձեզ ստուգեք», թանգարանն էլ ինքն իրեն ստուգում է ու ասում ՝ «ամեն ինչ լավ է»»,- նշել է Աթանեսյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության, այս մասին երեկ հայտարարեցին «Քոչար» մշակութային հիմնադրամից։ Ավելի ուշ էլ Երվանդ Քոչարի թանգարանից հայտնեցին, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։
Հայտնի նկարիչ Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը քննչական կոմիտե հաղորդում է տվել, որ 1987թ. Քոչարի թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023թ. դեկտեմբերին, մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ, տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: